Հայտնի գործարար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը ձեռնպահ է մնում այս փուլում ՀՌԱԿ-ի հետ դաշինքային համագործակցությունից՝ հայտարարել է Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ Ֆեյսբուքում գրառմամբ:
«Ինչպես գիտեք Գագիկ Ծառուկյանը հայտարարել է քաղաքականության փակված էջը բացելու և ակտիվ քաղաքականություն վերադառնալու իր մտադրության մասին, ընդգծելով, որ պատրաստ է ձևավորել լայն դաշինք քաղաքական տարբեր կառույցների և կուսակցությունների հետ՝ ի նպաստ Հայաստանի զարգացման և բարօրության: Գագիկ Ծառուկյանի նպատակը մեկն է՝ Հայաստանի և Սփյուռքի ավանդական կուսակցությունների համախմբման միջոցով ստեղծել երկրի խնդիրներով մտահոգ և դրանց լուծման պատրաստակամությամբ զինված քաղաքական ուժերի և անհատների լայն դաշինք, որպեսզի խորհրդարանում հնարավոր լինի բարձրաձայնել նաև Սփյուռքի մեր հայրենակիցների խնդիրները»,- նշել է Տոնոյանը՝ շարունակելով. «Պարոն Ծառուկյանի կոչին մինչև այս պահը արձագանքել և համագործակցության ցանկություն են հայտնել բազմաթիվ կուսակցություններ, այդ թվում նաև Ռամկավար Ազատական կուսակցության հայաստանյան կառույցը՝ ատենապետ Հակոբ Ավետիքյանի գլխավորությամբ: Սակայն այս հայտարարությունից հետո ՌԱԿ-ի տարբեր թևեր և սփյուռքյան կառույցներ սկսեցին հանդես գալ իրարամերժ հայտարարություններով, առ այն, որ չեն կիսում ՀՌԱԿ-ի՝ խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու ցանկությունն ու որոշումը: Բացարձակ ցանկություն չունենալով ներքաշվել ՌԱԿ ներկուսակցական ինտրիգների և պառակտումների մեջ՝ Գագիկ Ծառուկյանը ձեռնպահ է մնում այս փուլում ՀՌԱԿ-ի հետ դաշինքային համագործակցությունից: Հույս ունենք, որ ՌԱԿ հայաստանյան և Սփյուռքի կառույցները կհարթեն իրենց միջև առկա տարաձայնությունները: Գագիկ Ծառուկյանը շարունակում է կարևոր համարել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդումը և այդ գործում թե հայաստանյան, և թե Սփյուռքի կուսակցությունների ակտիվ ներգրավվածությունը»: